Օզոնային
շերտ, օզոնից կազմված շերտ, որ գտնվում է վերնոլորտում, մթնոլորտի 20–30 կմ (առավելագույն խտությունը՝ 22-25
կմ սահմաններում) բարձրություններում և որտեղ գտնվում է ամբողջ մթնոլորտային օզոնի մոտ 90%-ը։Հայտնաբերվել է ֆրանսիացի գիտնականներ Շարլ
Ֆաբրիի և Անրի
Բուիսսոնի կողմից 1913 թվականին։Երկրի բևեռներում օզոնային շերտի ներքին սահմանն իջնում է
մինչև 7–8 կմ, հասարակածում բարձրանում է մինչև 17–18 կմ։ Վերնոլորտային օզոնը
ներգործում է մթնոլորտի ջերմային ռեժիմի վրա, ակտիվացնում օքսիդացման
շարժընթացները մթնոլորտում, և, ամենակարևորը, կլանում է Արեգակի վնասակար կարճալիք
անդրամանուշակագույն ճառագայթների հիմնական մասը, որը վնասակար ազդեցություն է
թողնում կենդանի օրգանիզմների վրա։
Վերնոլորտում օզոնը քայքայվում է Արեգակի ուլտրամանուշակագույն
ճառագայթների և քայքայող այլ նյութերի ազդեցությամբ ընթացող
լուսաքիմիական ռեակցիաների, նաև մարդահարույց այլ շարժընթացների հետևանքով։
Վերնոլորտային օզոնի 1%-ով նվազումը 2%-ով բարձրացնում է Արեգակի
անդրամանուշակագույն ճառագայթման սաստկությունը, ինչը հանգեցնում է բուսականության
վերարտադրողականության նվազման և գենետիկական ձևափոխումների՝ մաշկաբորբերի, մաշկի
քաղցկեղի, վարակիչ հիվանդությունների, աչքի ոսպնյակի մթագնման, իմունիտետի
թուլացման, պլանկտոնի զանգվածի նվազման և այլն։
Օզոնային շերտի
խոռոչները
1985-ին Երկրի հարավային բևեռում հայտնաբերվել է օզոնային խոռոչ, որտեղ օզոնի քանակը կտրուկ (մինչև 50%) նվազում է։ Օզոնային խոռոչի չափերը փոփոխական են. այն նկատելի է հոկտեմբերի կեսերին, անհետանում է նոյեմբերի կեսերին։ Օզոնային խոռոչն առաջանում է մթնոլորտ արտանետված նյութերի (քլորֆտորածխածիններ, հիդրոքլորֆտորածխածիններ, մեթիլքլորոֆորմ, մեթիլբրոմիդ) և դրանց օգտագործմամբ արտադրված նյութերի քայքայող ազդեցությունից։
Օզոնը (O3) թթվածին քիմիական տարրի այլաձևությունն է։ Այն սուր, թարմության կամ էլեկտրականության հոտով կապույտ գազ է։ Թունավոր է և պայթյունավտանգ, քայքայում է էրիթրոցիտները, գրգռում աչքերն ու շնչառական ուղիները։ Բնականոն պայմաններում օզոնը 1,62 անգամ ծանր է օդից։ Ուժեղ օքսիդիչ է, հեշտությամբ քայքայվում է (O3=
O2 + O), օքսիդացնում է գրեթե բոլոր մետաղները՝ բացառությամբ ոսկու, պլատինի և իրիդիումի, առաջացնում է օրգանական և անօրգանական օզոնիդներ։ Օզոնն ունի սպիտակեցնող և ախտահանիչ հատկություններ։ Բնության մեջ առաջանում է թթվածնից՝ ամպրոպային պարպման ժամանակ, կամ Արեգակի անդրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ։ Մթնոլորտում օզոնի ընդհանուր զանգվածը կազմում է 4.109 տ։ Ամռանն ու գարնանը օզոնի պարունակությունն օդում 3,5 անգամ ավելի շատ է, քան ձմռանն ու աշնանը։
Комментариев нет:
Отправить комментарий